Երիտասարդ բժիշկների, մանկավարժների, լրագրողների և մարզիկների համար կառուցված նորակառույց 5 շենքերը բացեցին իրենց դռները: Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուրի, 55/8 և 55/11 հասցեներում կառուցված նորակառույցների բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջայց կատարեց բազմաֆունկցիոնալ շենքային համալիրում, ծանոթացավ կատարված աշխատանքին, իսկ շրջայցի ավարտին մասնակցեց շենքերի բացման հանդիսավոր արարողությա նը:
«Բնակարանների երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հնարավորոթյուն են ստացել թվով 388 շահառուներ' 122 բժիշկներ, 115 մանկավարժներ, 98 լրագրողներ և 13 մարզիկներ: Սպորտի և երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանի խոսքով, առկա ֆինանսների պայմաններում կատարվել է առավելագույն աշխատանք, որպեսզի երիտասարդ ընտանիքներն իրենց հարմարավետ զգան նոր բնակարաններում: «Կարծում եմ, դեռևս վաղ է խոսել բնակարանների որակի մասին: Որակը պարզ կդառնա ժամանակի ընթացքում, և դրա մասին կխոսեն բնակիչները: Ուզում եմ հավատացրել, որ ջանք չի խնայվել առկա սակավ ֆինանսների պայմաններում ստանալ առավելագույն արդյունք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ այս բնակելի համալիրը ամենամեծն է, որը կառուցվել է ծրագրի շրջանակում:
Արսեն Քարամյանը նաև տեղեկացրեց, որ 14 ամիս հետո Ավան վարչական շրջանում ավարտին կհասցվի արդեն 4-րդ շենքային համալիրը, որը նախատեսված է հեռահաղորդակցության և բանկային ոլորտի երիտասարդ մասնագետների համար: «Փորձում ենք նաև ավարտին հասցնել երիտասարդ գիտնականների համար նախատեսված շենքային համալիրը, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Այդ համալիրը բաղկացած է 293 բնակարանից: Եթե լինի պահանջարկ, ծրագիրը շարունակություն կունենա»,- ասաց փոխնախարարը:
Ծարավ Աղբյուրի, 55/8 և 55/11 հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասն ունի 15 հազար քմ ընդհանուր մակերերս: Շենքերը մոնոլիտ են և ունեն 13 բնակելի հարկեր' երկու, երեք և չորս սենյականոց բնակարաններով: Շենքերում կան հասարակական սպասարկման համար նախատեսված 10 տարածքներ, որոնք օգտագործվելու են հանրային ծառայություններ մատուցելու նպատակով: Համալիրը բաղկացած է 5 մասնաշենքից:
Բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը կազմել է 186 հազար դարմ: Ծրագրի շահառուներին «Արդշինինվեստբանկ»-ի կողմից տրամադրվել է մատչելի պայմաններով հիփոթեքային վարկավորում' 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով և մինչև 20 տարի մարման ժամկետով: Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 5 մլրդ 864 մլն 923 հազար դրամ: