Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած՝ «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովի ընթացքում ապրիլի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ներկայացրել են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությունը, երիտասարդների հիմնախնդիրները։ Այս մասին հայտնում են ՀԵՀ լրատվական ծառայությունից:

 

ՀԵՀ գործադիր տնօրենը նշել է, որ հիմնադրամն իր դահլիճներն անվճար տրամադրում է երիտասարդական կազմակերպություններին, իր մարզային կենտրոններով նպաստում է մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացմանը։ Մասնավորապես՝ 2013թ. սկսած՝ մարզային կենտրոններն իրականացրել են մոտ 200 ծրագիր։

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը Հայաստանի երիտասարդների համար առանձնացրել է 3 կարևոր հիմնախնդիր՝ զբաղվածություն, որակյալ կրթության ստացում և սոցիալական խնդիրներ։ Ըստ նրա՝ այդ հիմնախնդիրները նույնական են ամբողջ աշխարհում։ Արսեն Քարամյանն ընդգծել է, որ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է միջգերատեսչական համագործակցություն։

 

Արսեն Քարամյանը տեղեկացրել է, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Կառավարություն է ներկայացրել մարզաբնակ երիտասարդ ընտանիքներին բիզնես վարկեր տրամադրելու ծրագիր: Ըստ ծրագրի՝ այդ ընտանիքները վարկեր կստանան շուկայում էականորեն տարբերվող, արտոնյալ պայմաններով: