Կենսաբանական գիտությունների դոկտորն այլընտրանքային էներգիա ստանալու ծրագիր է ներկայացնում Երևանում անցկացվող «Երկրորդ համահայկական գիտական համաժողով»-ի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց երիտասարդ գիտնական Կարեն Թռչունյանը:
«Թեմայի նորարարությունն այն է, որ փորձում ենք տարբեր թափոններից ստանալ կենսավառելիք՝ այլընտրանքային էներգիա: Հայաստանը չունի նավթ և գազ, հետևաբար այլընտրանքային էներգիան շատ կարևոր և արդիական է մեզ համար: Այն անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում»,-ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ «Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ»-ի փոխտնօրեն Կարեն Թռչունյանն ու հավելեց՝ ծրագրի իրականցմամբ ներդրում ենք ունենալու համաշխարհային լուրջ խնդրի լուծման հարցում:
Որոշ հաշվարկների համաձայն՝ մինչ 2050 թվական բնակչությունն աճելու է, և էներգիայի կարիքը մեծանալու է: Այսինքն՝ անհրաժեշտ են որոշակի լուծումներ, որոնցից մեկն էլ կենսաջրածինն է: Այն արդյունաբերական և գյուղատնտեսական թափոններից մանրէների միջոցով ստացվող վառելիքն է: «Կենսաջրածինը 3-4 անգամ ավելի արդյունավետ է՝ գազի և նավթի համեմատ, և ամենակարևորը՝ էկոլոգիապես մաքուր է: Դա կարելի է արտադրել տեղում, չկա ներմուծման անհրաժեշտություն»,-ասաց Թռչունյանն ու հավելեց՝ այսպիսի համաժողովներին նման հարցեր քննարկելը կօգնի խնդրի լուծմանը:
Լաբարատոր պայմաններում ստացված արդյունքը պետք է տեղափոխել մեծածավալ արտադրություն, որի համար անհրաժեշտ է գումար: Գիտնականի կարծիքով՝ արտասահմանցի գործընկերների համագործակցությամբ հնարավոր է ծրագիրն իրականացնել: Երիտասարդ գիտնականների ներուժն օգտագործելու համար համաժողովները լավագույն հարթակներից են: