ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին զինված միջադեպերի և զոհերի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' եվրոպացի դիվանագետը նման հայտարարություն է արել օգոստոսի 3-ին' կոչ անելով երկու կողմերին զերծ մնալ հրադադարի ռեժիմի խախտումներից, ուժի և դրա սպառնալիքի կիրառումից և շարունակել ջանքերը' Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:
Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում առաջիկայում աջակցել խնդրի քաղաքական լուծման և խաղաղության հաստատման հնարավորություններին' ի սատարումն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: «Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի և 3 համանախագահների ջանքերին, հատկապես բարձր մակարդակով բանակցությունները շարունակելու հարցում, ինչի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած նախագահների հանդիպման ժամանակ»,- ասվում է հայտարարությունում: