ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին չի զարմացնում պաշտոնական Բաքվի' միջազգային հանրությանը դիմելու կոչն ու առաջարկությունը' քննարկելու Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Նախարարի գնահատմամբ'պատժամիջոցներ պետք է կիրառվեն հենց Ադրբեջանի նկատմամբ, քանի որ նա խախտում է հրադադարի համաձայնագիրն ու դիվերսիոն հարձակումներ գործում հայկական դիրքերի վրա: «Այսօր ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները և Պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչությունն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տանում' միջազգային հանրությանը ճիշտ ներկայացնելու իրավիճակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' օգոստոսի 6-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը' հավելելով, որ առաջին անգամ չէ, երբ պաշտոնական Բաքուն դիմում է նման քայլերի եւ խեղաթյուրում իրականությունը:
Այս համատեքստում Ադրբեջանում փոքր բրոշուրներ են տպագրվել «Երեքօրյա պատերազմ» վերնագրով եւ և փորձում են դրանով ցույց տալ, թե որքան հզոր է ադրբեջանական բանակը, ինչ հաղթանակներ են իրենք տարել' խաբելով իրենց իսկ ժողովրդին: «Կարծում եմ' այդ «երեքօրյա պատերազմը» կարելի էր փոխարինել երեք տոննա լապշայով այն ադրբեջանցիների ականջներին, որոնք չեն հասկանում այդ ամենը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Լապշայի մտածելակերպն է գործում ոչ միայն հասարակությունում, այլեւ հակառակորդի զինված ուժերում' հատկապես սպառազինության ֆոնին: Սեյրան Օհանյանը հիշեցնում է, որ սպառազինություն ձեռք բերելուն զուգահեռ բանակը պետք է ունենա նաեւ մասնագետներ, ովքեր կարող են դա օգտագործել եւ ովքեր մասնագիտորեն պատրաստ են սպառազինությունը կիրառել:
«Քանակը դեռեւս չի նշանակում, որ այսօր նրանք պատրաստ են շահագործել այդ սպառազինությունը: Սպառազինություն դեռ հաղթանակ չէ եւ վերջին օրերի փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանում ոչ միայն սպառազինությունը յուրացված չէ, այլեւ հարեւան երկրներում հատուկ նշանակության դասընթացներ անցած Ադրբեջանի բանակի հատուկ ստորաբաժանման խմբերն իրենց վախճանն են գտնում հայկական դիրքերում: Սա խոսում է, որ ՀՀ զինված ուժերն իրենց մարտունակությամբ, որակական պատրաստությամբ, վարպետությամբ եւ ոգով շատ ավելի առաջ են եւ սթափ որոշումներով տարածաշրջանում մրցունակ են»,- ասաց նախարարը' հավելելով, որ վերջին իրադարձությունները հերթական անգամ ապացուցեցին, որ հայկական զինված ուժերը պատրաստ են ցանկացած դիմակայության եւ կարող են յուրաքանչյուրին իրենց տեղը ցույց տալ: