Ադրբեջանի կրթության նախարար Միքայիլ Ջաբբարովը հայտարարել է, որ կրթության համակարգում կեղծ դիպլոմներով աշխատում են մոտ 2000 ուսուցիչներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով haqin.az-ը, Ջաբբարովը հայտնել է բլոգեր Վյաչեսլավ Սապունովին տված հարցազրույցում:

 

«Ադրբեջանում համակարգը թույլ է տվել կրթության ոլորտ ընկնել մանկավարժական որեւէ կրթություն չունեցող մարդկանց, աշխատանքի ընդունվել դպրոցներում: Հարց է առաջանում' ի՞նչ կարող են սովորեցնել այդ մարդիկ, որոնք սկսել կամ շարունակել են իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը հանցագործությամբ' դիպլոմ գնելով», -ասել է ադրբեջանցի նախարարը:

 

Ջաբբարովը չի կարողացել հայտնել է բարձրագույն կրթության մասին տրված կեղծ փաստաթղթերի ճշգրիտ թվաքանակը: Նրա խոսքով, ներկայում հետաքննություն է կատարվում, եւ, հնարավոր է, իրավապահ մարմինները կկարողանան պարզել դրանց հստակ թիվը:

 

«Բայց մենք հաստատ գիտենք, որ մոտ 2000 նման մարդիկ կեղծ դիպլոմներով աշխատում են միջնակարգ կրթության համակարգում, հիմնականում' հանրապետության շրջաններում: Մենք նրանց բոլորին ճանաչում ենք անուն առ անուն: Մենք նրանց եւ կեղծ դիպլոմներ վաճառողների անունները հայտնել ենք իրավապահ մարմիններին: Նրանց մեջ եղել են նաեւ կրթության համակարգի ղեկավարներ», -ասել է Ջաբբարովը: