ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն օգոստոսի 8-ին ընդունել է եզդիական համայնքային կառույցների ներկայացուցիչներին։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի եզդիների ներկայացուցիչները փոխնախարար Քոչարյանին են ներկայացրել իրենց մտահոգությունները' կապված Իրաքում իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների վիճակի և ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։

 

Փոխնախարար Քոչարյանը, ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները, նշել է, որ միջազգային տարբեր ատյաններում Հայաստանը շարունակելու է բարձրաձայնել և Իրաքում, և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնությունները վերջ դնելու անհրաժեշտության մասին և այդ նպատակով օգտագործելու է իր բոլոր հնարավորությունները: