Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այցելել է Նոր Գեղի համայնք: Համայնքի ղեկավար Ֆ. Թևոսյանի ուղեկցությամբ մարզպետը եղել է համայնքում նոր կառուցվող եկեղեցու շինհրապարակում, զրուցել է ճարտարապետի և շինարարության պատասխանատուների հետ, որտեղ նրան ներկայացվել են հոգևոր կառույցի ճարտարապետ ական լուծումներն ու հիմնական առանձնահատկությունները:

 

Այնուհետև Նոր Գեղի համայնքի խնձորի այգիներում Կոտայքի մարզպետը հանդիպել է գյուղացիների հետ, նրանց հետ քննարկել գյուղատնտեսական աշխատանքների ներկա փուլում տեղի ունեցող գործընթացների մանրամասները: Գյուղացիական տնտեսությունների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետական հոգածության հիմնական ուղղություններին:

 

Քննարկվել են սպասվելիք բերքի ծավալներին և իրացման հնարավորությունների վերաբերող հարցեր ևս: Կոտայքի մարզպետը Նոր Գեղիի բնակիչներին խոստացել է աջակցել հակակարկտային կայանների տեղադրման հարցում: Նոր Գեղիում Կոտայքի մարզպետին ներկայացվել է նաև համայնքի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատված հատվածը, որը բնակիչների գնահատմամբ կարևոր նշանակություն է ունեցել իրենց համայնքի համար: Կոտայքի մարզպետն այցելել է Նոր Գեղիի միջնակարգ դպրոց, մանկավարժների և այլ աշխատակիցների հետ միասին քննարկել հաստատության գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրային մի շարք ուղղություններ:

 

Համայնքի կրթօջախում Կոտայքի մարզպետը ընդգծել է սովորողներին որակյալ և մրցունակ գիտելիքներ հաղորդելու կարևորությունը և հանձնարարել այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Կոտայքի մարզպետը եղել է Նոր Գեղի համայնքի մշակույթի կենտրոնում, ծանոթացել տեղում գործող խմբերի աշխատանքներին, զրուցել պատասխանատուների հետ, ովքեր մանրամասնել են համայնքի մշակութային առօրյայի աշխուժացմանը միտված նախաձեռնությունները:

 

Մարզպետը Ա. Հարությունյանը ծանոթացել է նաև համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի աշխատանքներին: Կենտրոնի պատասխանատուներին հանձնարարվել է նախատեսել հաստատության զարգացման հեռանկարային հստակ ծրագրեր, որոնց իրագործման արդյունքում հնարավոր կդառնա առավել բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակն ու ընդլայնել կազմակերպության հնարավորությունները: