ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում արձանագրեց հակակարկտային կայանների ոչ ճիշտ օգտագործման խնդիրը: Վարչապետը հորդորեց բնակիչներին լրջորեն հետևել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատանքին, կանխել թալանը, կայաններն օգտագործել ճիշտ գազով: Վարչապետն այս մասին խոսեց Արարատի մարզ այցի ընթացքում:
«Զենիթ» տիպի հակակարկտային կայանների անարդյունավետության մասին շատ է խոսվում հենց տեղադրման ժամանակից սկսած: Այդ թեմայով կառավարությունում քննարկում ունեցանք, բոլորի եզրակացությունն այն էր, որ դրանք անարդյունավետ հակակարկտային կայաններ են: Սակայն Արագածոտնի մարզում «Արմաս» գինու գործարանի շուրջ հեկտարներով այգիներ կան: Շրջայցի ընթացքում տեսա, որ այդ կայաններից կան այնտեղ, հարցրեցի դրանց արդյունավետության մասին: Ասացին, որ դրանք տեղադրելուց ի վեր այգիներն ընդհանրապես չեն տուժել, նշեցին՝ պարզապես լիցքավորում են նորմալ գազով և աշխատեցնում նորմալ»,-ասաց վարչապետ Փաշինյանը:
Անդրադառնալով Արարատի մարզի Սուրենավան համայնքում մայիսին տեղացած ուժեղ կարկուտին, Փաշինյանը նշեց, որ հետաքրքրվել է հակակարկտային կայանների տեղադրվածության մասին, հանձնարարել է ստուգել դրանք: Ստուգելուց հետո պարզվել է, որ դրանք պարզապես լիցքավորված չեն եղել:
Մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց՝ այդ համայնքում կա 4 հակակարկտային կայան, որոնցից 3-ը լիցքավորված են եղել, իսկ 4-րդը նախորդ տարվա պարտքերի և փոխանցում չանելու պատճառով լիցքավորված չի եղել: Ամբողջ կարկտային ամպն ուղղել են չորրորդի շրջանում, որի չաշխատելու պատճառով վնասվել է ծիրանի այգիները:
«Իմ եզրակացությունն այն է, որ մենք ոչ թե կայանների, այլ դրանք օգտագործելու խնդիր ունենք: Դրվում են այդ կայանները, չարաշահումներ են արվում, հետո ասում են, որ արդյունավետ չեն աշխատում, եկեք հրթիռ գնենք: Վաղը եթե հրթիռ գնենք, կասեն սա էլ չի աշխատում, մասերը կվաճառեն»,-նկատեց Փաշինյանը:
Վարչապետը հետաքրքրվեց՝ հիմա Սուրենավան գյուղի ժողովուրդն ակնկալու՞մ է, որ կառավարությունը պետք է փոխհատուցում տա ու դիմեց համայնքի ղեկավարներին, պատասխանատուներին. «Չե՞ք կարծում, որ դուք պետք է փոխհատուցում տաք, քանի որ դուք չեք կատարել ձեր գործը նորմալ»:
Native ads by Caramel
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ հակակարկտային կայանները նախատեսված են ացետիլենով աշխատելու համար, սակայն հիմնականում լիցքավորվում են պրոպանբութանային խառնուրդով։ Իսկ դա չի կարող իր բացասական ազդեցությունը չթողնել:
«Ես ուզում եմ մեր համայնքների բնակիչներին ասել, որ համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատանքին հետևեն: Ո՞վ է ասել, որ պետք է թալանել կայանները, տեսածը չարձագանքել: Ամեն գյուղացի իր պատասխանատվության չափը պետք է զգա»,-հորդորեց վարչապետը։
Նրա կարծիքով՝ պետք է ուսումնասիրել, թե Արմավիրի մարզում գինու այդ գործարանի տարածքի այգիներում տեղադրված կայաններն ինչ գազով են լիցքավորվում, մյուսներում՝ ինչով, և հասկանալ, թե դրանք ինչու են մի տեղում արդյունավետ, մնացած տեղերում՝ ոչ, և գալ ընդհանուր եզրակացության:
Արարատի մարզում կա 99 միավոր հակակարկտային կայան: