ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 3000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց:


Բացի հրադադարի խախտման վերոնշյալ դեպքերից, ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինները շփման գծի հարավային /Հադրութ/, արևելյան (Ասկերան) և հարավարևելյան' Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղություններով, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փարձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և հակառակորդը, տալով կենդանի ուժի կորուստներ և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:


Անցած յոթ օրերի ընթացքում հակառակորդի օդուժը թռիչքներ է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ: ՊԲ ՀՕՊ ուժերը ոչ միայն դրանք ժամանակին հավաստանշել են և պահել վերահսկողության տակ, այլև առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությամբ պայմանավորված' օդ է բարձրացվել հայկական գրոհային ավիացիան:


Ընդհանուր առմամբ իրավիճակը սահմանային գծում եղել է լարված: ՊԲ առաջապահ զորամասերը շաբաթվա ընթացքում շփման գծի ողջ երկարությամբ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն' հարկ եղած դեպքում իրենց գործողություններով կանխելով հակառակորդի նախահարձակ գործողության ցանկացած փորձ:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն