Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում խաղաղապահների տեղակայման հեռանկարի մասին հարցին ի պատասխան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ առաջին անգամ է լսում ԼՂ շփման գոտում միայն ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահը հիշատակեց Մադրիդյան սկզբունքները, հավելելով, որ այդ փաստաթուղթը ենթադրում է խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով:
«Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով, այսինքն' կողմերի միջև: Բայց դա այս բանակցությունների առարկան չէ և թեման չէ, որովհետև այստեղ միայն զուտ սկզբունքը պետք է քննարկվի̀ լինելո՞ւ են արդյոք խաղաղապահներ, թե՞ չէ: Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետևի այս փաստաթուղթը ստորագրելուն»,-ասաց նախագահը: