Օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների հետ կապված Ադրբեջանում այդ երկրի դեսպանատանն ու հյուպատոսություններում անցկացված քվերակությանը մասնակցել են Թուրքիայի 820 քաղաքացիներ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանում Թուրքիայի քաղաքացիների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում հաղթել է ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն: Նրա օգտին քվերակել են 441 թուրք ընտրողներ, Թուրքիայի գործող վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին' 318, քրդական համայնքի թեկնածու Սալահեթդին Դեմիրթաշի օգտին' 54 ընտրող:

 

Արդեն հայտնի է, որ ընտրությունների ոչ վերջնական արդյունքների համաձայն Թուրքիայի 12-րդ նախագահ է ընտրվել Էրդողանը:

 

Ուշագրավ է, որ ըստ թուրքական մամուլի' Էրդողանը հաղթանակել է Կենտրոնական եւ Հյուսիսային Թուրքիայում, այդ երկրի հարավարեւմտյան շրջաններում հաղթանակել է Իհսանօղլուն, իսկ քրդաբնակ հարավարեւելյան շրջաններում' Դեմիրթաշը:

 

Էրդողանի' Թուրքիայի նախագահ ընտրվելու առնչությամբ առաջինն արձագանքել է «Բիլդ» թերթը, որը գրել է. «Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններում «հաղթեց սուլթանը»: «Նախագահական ընտրությունների ֆավորիտ Էրդողանն առաջինն է: Ինչպես երեւում է' բացվել է Թուրքիան դեպի ավտորիտար պետություն տանող ճանապարհը»: