Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ից 15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատար-ադյուտանտ գեներալի օգնական, բրիգադի գեներալ Բրեդլի Լինկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում բրիգադի գեներալ Բրեդլի Լինկին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Տեղի են ունեցել նաև բրիգադի գեներալ Լինկի հանդիպումները ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս. Գալստյանի և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ. Խաչատրյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությանը և դրա հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:
Կայացել են նաև Կանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի այցերը ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ և ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոց:
Օգոստոսի 14-ին բրիգադի գեներալ Բրեդլի Լինկը մասնակցելու է Սյունիքի մարզի Դարբաս գյուղի հիվանդանոցի և դպրոցի վերաբացման արարողությանը, որը վերանորոգվել է Կանզասի ազգային գվարդիայի ինժեներական ծառայության միջոցով: Նշված աշխատանքների իրականացման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշակի օժանդակություն է ցուցաբերել տրանսպորտային փոխադրումների իրականացման ուղղությամբ: