Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը դրական եւ օգտակար է գնահատում Սոչիում օգոստոսի 10-ին կայացած եռակողմ հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կրկին կհանդիպեն: «Օգտակար էր, որ երկու նախագահները վերահաստատեցին հակամարտություն ը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությունը: Նախագահների' Վիեննայում կայացած հանդիպումից հետո շատ երկար ժամանակ էր անցել: Սոչիի հանդիպումը երկար սպասված հանդիպում էր և հուսով ենք, որ առաջիկայում նրանք կրկին կհանդիպեն: Հիմնական հարցերի ուղղությամբ առաջընթացի համար մեզ անհրաժեշտ է առավել ակտիվ բանակցային գործընթաց»,- ասաց Ջոն Հեֆֆերնը:
Պատասխանելով հարցին, որ հայկական Զինված ուժերը մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդի 20 դիվերսիոն հարձակում են կանխել, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թվիթերյան իր միկրոբլոգում հանդես էր գալիս ռազմատենչ հայտարարություններով, մասնավորապես գրելով, որ նոր պատերազմի մեկնարկը մոտ է, դեսպանը խորհուրդ տվեց չդիմել գործողությունների, որոնք կարող են սրել իրավիճակը:
«Սադրիչ հայտարարություններն ու շփման գծի երկայնքով կատարվող հարձակումները մեծացնում են լարվածությունը կողմերի միջև և չեն օգնում հակամարտությանը խաղաղ լուծում տալու մեր ընդհանուր նպատակին: Անհրաժեշտ է, որ երկու կողմում էլ խստիվ հարգեն հրադադարը և զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը»,- ասաց դեսպանը:
Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է եռակողմ հանդիպում' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպմանը կողմերը քննարկել էին ԼՂ հակամարտության կարգավորման հարցն ու շեշտել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ի պատասխան Իլհամ Ալիեւի հայտարարություններին, Նախագահ Սարգսյանը հիշեցրել էր, որ ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձեւերից մեկն էլ հրադադարի ռեժիմի պահպանումն է, որը հարեւան պետությունը խախտում է գրեթե ամեն օր: