Նախիջևանի սահմանին տեղի ունեցած միջադեպը (երբ հայկական բանակի երկու զինծառայողներ զոհվեցին-խմբ.) ևս մեկ անգամ հաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Բոլորովին վերջերս Ֆրանսիայի նախագահի' Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպումների ժամանակ կայացած զրույցների արդյունքում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բանակցված լուծում գտնելու անհրաժեշտությանը»,-ասաց դեսպանը:

 

Նա նաև հիշեցրեց, որ այս մասին իր մտահոգությունն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը' Հայաստան կատարած այցի ժամանակ: Դեսպանն ընդգծեց, որ կարևոր է մեղմել լարված իրավիճակը' երկկողմ փոխշփումների և կարծիքների փոխանակման միջոցով: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, խաղաղ ճանապարհով կարգավորմանն այլընտրանքային լուծում չկա»,- վերահաստատեց դիվանագետը:

 

Հունիսի 5-ին ադրբեջանական զինուժի կողմից Նախիջեւանի հատվածում հրադադարի կանոնների խախտում էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով հայկական ԶՈւ երկու պայմանագրային զինծառայողներ էին զոհվել' Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):