Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շինբարեկարգման ծրագրերով 2014 թվականին մայրաքաղաքում կասֆալտապատվի 2 մլն քմ տարածք, որից 622 300 քառակուսի մետրը բաժին է ընկնում հիմնանորոգման աշխատանքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց, ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադ րումը, հաշմանդամների և մանկասայլակների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն ու դիտահորերի կարգաբերումը:
Մինչ այդ, կենսապահովման ոլորտի կազմակեպությունները հիմնանորոգման ցանկում առկա բոլոր փողոցներում ավարտել են իրենց մասնագիտական աշխատանքները, քանի որ ասֆալտապատումից հետո, բացառությամբ վթարային դեպքերի, այլ գործընթաց ծավալել չի թույլատրվի: Ներկայում, բացի Նոր Արեշի 50-րդ փողոցից, մնացած բոլոր տեղերում աշխատանքները մեկնարկել են, իսկ Շիրակի և Ագաթանգեղոսի փողոցներում գործընթացն արդեն ավարտվել է և այդ ճանապարհահատվածները լիարժեք շահագործվում են: Ավարտված է նաև մայթերի ասֆալտապատման ընդհանուր ծավալի շուրջ 40 տոկոսը:
Տարվող աշխատանքը պատասխանատու կառույցների կողմից մշտապես վերահսկվում է: Ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Աշխատանքների ծավալման առաջին նախապայմանը բարձրորակ ասֆալտապատում իրականացնելն է: Բացառությամբ շահագործման տարիների ընթացքում ի հայտ եկած հնարավոր կոմունալ-կենցաղային վթարների դեպքերի, 5 տարվա ընթացքում առաջացած ցանկացած այլ թերություն ասֆալտապատող կազմակերպությունները պայմանագրային հիմունքներում ամրագրված կետով կվերացնեն սեփական միջոցներով:
Ճանապարհաշինարարները վստահեցնում են, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված փողոցների հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում: