Ադրբեջանի Սամուխի շրջանում խոշոր եղջերավոր անասունների մեջ վերջին մեկ ամսվա ընթացքում հիվանդություն է տարածվել, ինչի հետեւանքով հազարավոր կենդանիներ սատկել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրքել ԹՎ» հեռուստաալիքը:

 

Նշվում է, որ հիվանդությունն ամենաշատը տարածվել է Սամուխի 1200-ից ավելի բնակչություն ունեցող Ենջքենդ գյուղի տնտեսություններում:

 

Ծագումը դեռեւս անհայտ հիվանդությամբ վարակված կովերի մարմնի վրա նախ հայտնվում են հեղուկով լի խոշոր ուռուցքներ, հետո սկսում է նրանց աչքերից հեղուկ հոսել, մի քանի օր հետո նրանցից միայն կաշին ու ոսկորն է մնում եւ անանսունները սատկում են:

 

Տեղաբնակների խոսքով' գյուղում արդեն մեծ թվով կովեր սատկել են այդ հիվնադությունից: Անասնաբույժները հայտարարում են, որ իրենք չեն հասկանում անասունների հիվանդանալու պատճառը եւ վարակի տեսակը: Նրանք անասուններին իրենց հայտնի հակաբիոտիկներ են սրսկել, սակայն, որեւէ դրական արդյունք չկա: Թեեւ այդ հիվանդությամբ վարակված անասունն ի վերջո սատկում է, անասնաբույժները բնակչությանը հավատացնում են, որ այն մարդու համար վտանգավոր չէ: Մի անասնաբույժ կարծիք է հայտնել, որ անհայտ ծագումով հիվանդությունը Ադրբեջան է թափանցել Իրանից: