Վերջին օրերին Ադրբեջանում մի քանի անգամ մեծացել է բարձր ջերմության, գլխացավի, փորացավի, գլխապտույտի, ախորժակի բացակայության գանգատներով բժշկական հաստատություններ դիմողների թիվը: Բժիշկներն ասում են, որ դա իրենց անհայտ տեսակի վիրուսային հիվանդություն է: Նրանք խոստովանում են, որ անզոր են այդ նորահայատ վիրուսի առաջ, եւ որ հիվանդությունը կարճ ժամանակում վերացնել հնարավոր չէ: Առողջապահության աշխատակիցներն այդ վիրուսը «օդային» են անվանում եւ նշում, որ դրանով կարող են վարակվել բոլոր տարիքի մարդիկ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը:

 

Ըստ թերթի' բժիշկները գտնում են, որ մահվան մեծ ռիսկ ստեղծող այդ վիրուսի հետ կապված անհրաժեշտ է «SOS» ազդանշան հնչեցնել եւ կարանտին հայտարարել, սակայն, չգիտես ինչու, Ադրբեջանի առողջապահության նախարարությունը լռություն է պահպանում վիրուսի տարածման հարցում:

 

Թերթի հետ զրույցում ադրբեջանցի պրոֆեսոր Ադիլ Գեյբուլլան համոզմունք է հայտնել, որ տարածվող վիրուսը բավականին վտանգավոր է: Նրա խոսքով' վիրուսով վարակված հիվանդի մոտ արյան ճնշումը կտրուկ նվազում է, ինչը բերում է վիրուսի ավելի ակտիվացմանը: Դրա հետեւանքով հիվանդի մոտ բարձր ջերմություն, կոկորդի սուր ցավ, նշիկների այտուցք է նկատվում: «Նման հիվանդների հետ հակամանրէային թերապիա է անցկացվում, որպեսզի վարակը չխորանա, եւ հիվանդի վիճակը թեթեւանա: Այլ բան առայժմ չենք կարող առաջարկել, քանի որ խնդրի հետ կապված ոչ Ադրբեջանի առողջապահության նախար արությունը, ոչ էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանդես չեն եկել որեւէ հայտարարությամբ»,- ասել է Գեյբուլլան:

 

Նա նշել է, որ այդ վիրուսով վարակից մահվան դեպքերի մասին դեռեւս տեղեկություններ չկան: «Վիճակը նոր է սկսում զարգանալ: Գտնում եմ, որ որոշ ժամանակ հետո կոնկրետ ապացույցներ ի հայտ կգան»,- ասել է պրոֆեսորը:

 

Ադրբեջանի առոջղապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Գադիրլին թերթին հայտնել է, որ հարցի հետ կապված հայտարարությամբ հանդես կգան վարակաբանների հետ հետազոտություններ անցկացնելուց հետո: