Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատավարձերը շարքային աշխատողների համար բարձրացել են 8-15 հազար դրամով, իսկ ընդհանուր սպայական անձնակազմի համար՝ 50-100 հազար դրամով: Այս մասին նախարարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: «Դժգոհություններ միշտ էլ լինում են, և առանց դրանց հնարավոր չէ:

 

Դուք գիտեք, որ այդ 100-200 հազ արն դրամն էլ ինչ-որ տեղ քիչ է, սակայն այսօր մեր երկիրն այդքան հնարավորություն ունի: Եվ կարծում եմ, որ բոլոր տղաներն էլ, մենք էլ պետք է հասկանանք, որ այսօր այդքանի հնարավորություն կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Երիցյանը:

 

Անդրադառնալով ԱԻ նախարարության առաջիկա քայլերին՝ Երիցյանը կարևորեց առաջիկայում Բալահովտում հայ-ռուսական հումանիտար կենտրոնի բացումը: «Այնտեղ մեր ռուս գործընկերները մոտավորապես 10-15 միլիոն դոլարի ներդրում կանեն, համապատասխան տեխնիկայով կապահովեն:

 

Այդ կենտրոնի միջոցով մենք անհրաժեշտության դեպքում կօգնենք մեր երկրին, ինչպես նաև այլ երկրների, եթե դրա կարիքը լինի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ուրիշ կարևոր ծրագրեր ևս կան, սակայն ինքը չի ցանկանում այլ գաղտնիքներ բացահայտել:

 

Երիցյանը կարևորում է նաև նախարարության 911 ծառայության աշխատանքը՝ ընդգծելով, որ զանգերն այս ծառայությունում զգալիորեն ավելացել են: Թեև լինում են զանգեր, որ ծիծաղ են առաջացնում, սակայն ընդհանուր զանգերի 60 տոկոսը ուղղված է դեպի 911: Երիցյանը նշեց, որ հիմնականում զանգերը լինում են կենցաղային խնդիրների վերաբերյալ, սակայն ցանկացած զանգ անպատասխան չի մնում: