2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների շուրջ 100 հազար 200 պետական գրանցում: Այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ, օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը' ամփոփելով կոմիտեի կատարած աշխատանքն ու նախանշելով առաջիկա անելիքները:
«Սովորույթի համաձայն նորանշանակ պաշտոնյաները պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ են ասուլիս կազմակերպում, բայց ես նպատակահարմար գտա չսպասել հարյուր օրը լրանալուն և իմ նախաձեռնությունների, մտահոգությունների, կադաստրի համակարգի ընթացիկ ու հեռանկարային գործառությունների ապահովման մասին ձեզ նախապես պատմել: Անմիջապես տեղեկացնեմ, որ ամբողջությամբ իրականացվել է ս. թ. հունվարի 9-ի որոշմամբ կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող ծրագրով նախատեսված գերակա խնդիրների կատարումը:»,- նշեց Մարտին Սարգսյանը:
Նրա խոսքով, նախատեսվածի համաձայն ավարտվել են բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման աշխատանքները Գյումրի քաղաքում 820 հա տարածքով: Իսկ Երևան քաղաքում նավիգացիոն համակարգի ստեղծումը կոմիտեն ստիպված հետաձգել է ֆինանսական պատճառներով: Այժմ կադաստրը փորձում է ներգրավել ներդրողների, գործարարների' ծրագիրն իրականացնելու նպատակով:
Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից 2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների շուրջ 100 հազար 200 պետական գրանցում և շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի շուրջ 342 միավորի պետական գրանցում: ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին ու կազմակերպություններին տրամադրվել է գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ շուրջ 166 հազար տեղեկատվություն: Ընթացք է տրվել ԴԱՀԿ ապահովող ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների սահմանափակումների ու դրանց վերացման մասին շուրջ 69 հազար որոշումների:
Կադաստրի կոմիտեն Գեոդեզիայի և հողային պետական տեսչության միջոցով ապրիլ-մայիսին ստուգումներ է անցկացրել Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում, որի արդյունքներով Արմավիրի մարզպետի կողմից որոշումներ են կայացվել հինգ համայնքների ղեկավարներին 750 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, իսկ Գեղարքունիքի մարզում համայնքների համապատասխան անձիք վարչական պատասխանատվության են ենթարկվել 400 հազար դրամի չափով: