ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ստորաբաժանումների ղեկավարները 2014 թվականին կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանին են ‚ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին:

 

Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հաշվետվությանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման եւ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ ՓԾ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, մարզային փրկարարական վարչության պետ փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանը, ԱԻՆ պաշտոնյաներ, ԱԻՆ Գեղարքունիքի մարզում տեղակայված ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքների ղեկավարներ:

 

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ էդիկ Գալստյանը: Նա իր զեկույցում նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում գործունեության հիմնական ուղղություններն են եղել փրկարար անձնակազմի մասնագիտական ունակությունները բարձրացնելու նպատակով փրկարարական ծառայողների վերապատրաստման կազմակերպումը, ուժերի մշտական պատրաստ վիճակում պահպանումը եւ դրանց նպատակային կիրառման ապահովումը:

 

2014 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել են 662 ահազանգ:

 

Հաշվետու տարում ստացվել են հրդեհների առաջացման վերաբերյալ 194 ահազանգ' նախորդ տարվա 192-ի դիմաց, գրանցվել են նաեւ խցանված մեքենաների դուրս բերման 210 դեպք, որոնց ժամանակ օգնություն է ցուցաբերվել 1220 քաղաքացու:

 

Իրափրկարարներն արձագանքել են 69 ահազանգի, որոնցից որոնողափրկարարական աշխատանքներ ջրային տարածքներում իրականացվել են 33 դեպքում: Ջոկատը փրկել է 26 քաղաքացու, իսկ ջրահեղձված 11 մարդու դիակ դուրս է հանել ջրից:

 

2014 թվականին կատարած աշխատանքների հաշվետվություններ ներկայացրեցին նաեւ Գեղարքունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ոսկան Գաբրիելյանը, «Հիդրոoդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզի Սեւանի լճաբանության աբսերվատորիայի տնօրեն Հովհաննես Սարգսյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Սուրիկ Մնացականյանը:

 

Ելույթով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման եւ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ ՓԾ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Նա իր խոսքում կարեւորեց Հանրապետության մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման խնդիրը եւ նշեց, որ Գեղարքունիքի մարզի համայնքներից չորսում 2015 թվականին կստեղծվեն ԱԻՆ հենակետեր:

 

Ամփոփելով հանդիպման ընթացքում ներկայացված հաշվետվությունները՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդգծեց, որ փրկարար ծառայությունների կողմից կատարվել է նշանակալի ու բարեխիղճ աշխատանք, սակայն հարկավոր է զարգացնել ձեռքբերումները:

 

Ամփոփիչ ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ ՏԿ եւ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը՝ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության 2014 թվականի կատարած աշխատանքները գնահատելով բավարար:

 

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ Իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից համագործակցված եւ օպերատիվ աշխատանքի համար շնորհակալագրերով պարգեւատրվեցին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գանձակի համայնքապետ Վանիկ Հարությունյանը, Մարտունու հիվանդանոցի շտապօգնության բժիշկ Արթուր Սիմոնյանը, իսկ Վարդենիսի փրկարարական ջոկատը ճանաչվեց մարզի 2014 թվականի լավագույն ջոկատ:

 

 

Խոսրով Խլղաթյան