«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, օգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անցկացրեց խորհրդակցություն մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների տնօրենների եւ այդ գործակալություններին կից սոցիալական աջակցության խորհրդի նախագահների մասնակցությամբ: Սոցիալական աջակցության խորհրդի նախ ագահները հանդես եկան 2014 թվականին խորհուրդների կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ:

 

Ըստ ներկայացված տվյալների, հաշվետու ժամանակահատվածում փաստագրման նպատակով մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ են դիմել 15881 ընտանիք, որոնցից, համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց հետո, 11467-ը ընդգրկվել են ընտանեկան նպաստի համակարգում: Իսկ տարածքների աջակցության խորհուրդների կողմից կատարված ուսումնասիրությունների եւ քննարկումների արդյունքում 1376 ընտանիք ընդգրկվել է պետության կողմից տրամադրվող հրատապ օգնություն ստացողների ցանկում:

 

Ռաֆիկ Գրիգորյանը խորհուրդների կողմից կատարված աշխատանքները անբավարար գնահատեց' նշելով, որ կան շատ դիմումատուներ, որոնց սոցիալական տվյալները բավարարում են համակարգում ընդգրկվելու համար, սակայն դուրս են մնում պետական աջակցություն ստանալուց: Դրա համար հարկավոր է լինել առավել ուշադիր եւ ցուցաբերել բարձր պատասխանատվություն, որպեսզի նրանց փոխարեն համակարգում չընդգրկվեն սոցիալապես ապահով անձինք:

 

Նիստի ընթացքում արձանագրվեց նման կարգի հանդիպումները այսուհետեւ կազմակերպել յուրաքանչյուր կիսա մյակի ավարտին, որտեղ խորհուրդները եւ ծառայությունների ղեկավարները հաշվետվություն կներկայացնեն մարզպետարանի կողմից մշակված չափորոշիչների պահանջներին համապատասխան:

 

Խոսրով Խլղաթյան