Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դահլիճում փետրվարի 20-ին տեղի է ունեցել Լոռու մարզի այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ, համայնքի ղեկավարներ, ավագանիների անդամներ ու բնակիչներ, ինչպես նաև տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' տարեկան ամփոփ հաշվետվությամբ հանդես է եկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ողջունելով ներկաներին՝ մարզպետն ամփոփ ելույթով անդրադարձել է 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքներին: Մարզպետի խոսքով' 2014թ. հանրապետության համար սոցիալական լուրջ մարտահրավերների հաղթահարման, հիմնախնդիրների լուծման ժամանակաշրջան էր: Միաժամանակ, ըստ Արթուր Նալբանդյանի, եղան նաև անկանխատեսելի ցնցումներ՝ կապված աշխարհաքաղաքական հայտնի իրադարձությունների հետ:

 

Մարզպետի խոսքով' ողջ հանրապետության և հ ատկապես Լոռու մարզի համար նշանակալի ձեռքբերում է եղել նոր աշխատատեղերի ստեղծումը: Ըստ մարզի ղեկավարի, նախորդ տարեվերջին «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության մեկնարկը նշանակալի երևույթ էր ոչ միայն մարզի, այլև ողջ հանրապետության համար. աշխատանքով ապահովվեց ավելի քան 1300 մարդ: Սպիտակի թռչնաֆաբրիկայի գործարկումն աշխատանքով ապահովում է շուրջ 220, իսկ տրիկոտաժի ֆաբրիկայի գործարկումը՝ 100 մարդու: «Նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ այլ ծրագրեր ու անելիքներ ևս կան ու իրատեսորեն սպասելի է, որ մոտ ապագայում աշխատատեղեր կբացվեն նաև Տաշիրի շրջանում՝ պանրարտադրության զարգացմամբ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, և այլուր: Լուրջ ուշադրություն է դարձվում նաև ՓՄՁ-ների զարգացմանը:

 

Երիտասարդ սկսնակ գործարարներին աջակցելու նպատակով ՓՄՁ-ների զարգացման ազգային կենտրոնի և միջազգային կառույցների հետ համագործակցությամբ ծրագրեր են իրականացվում՝ հնարավորություն տալով երիտասարդ գործարարներին հիմնել սեփական գործը», - եզրափակեց մարզպետը: Լոռու մարզում ակնհայտ ձեռքբերումների շարքում Արթուր Նալբանդյանն առանձնացրեց տուրիզմի բնագավառը, որ ին ուղղված լուրջ ծրագրեր են իրականացնում Ֆրանսիայի ՊԱԿԱ և Ռհոն Ալպ ռեգիոնների հետ համագործակցությամբ:

 

Այս տարի մարզպետարանի հաշվետվությունն առավել հանգամանալից և տպավորիչ ներկայացնելու համար ընտրվել էր այլ ձևաչափ: Մարզպետի բացման խոսքից հետո մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեսաֆիլմ էր պատրաստել՝ կադրերի ու պատկերային գրաֆիկայի տեսքով, որի միջոցով ըստ բնագավառների ներկայացվեցին նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացված աշխատանքները:

 

2014 թ. մարզում դրական ցուցանիշներ են գրանցվել նաև գյուղատնտեսության ոլորտում: Նախորդ տարվա ընթացքում պետության կողմից տրամադրվող աջակցության շնորհիվ ավելի քան 4000 հեկտարով ընդարձակվել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները, ավելացել է գրեթե բոլոր մշակաբույսերի բերքատվությունը, ինչպես նաև անասնագլխաքանակը:

 

Մարզի համար կարևոր իրադարձություն է եղել Լոռու մարզի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի բացումը: Այս հարցում գործուն աջակցություն է ցուցաբերել ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը: Մարզի ՃԿԿ-ում այժմ աշխատելու հնարավորություն են ստացել նաև հաշմանդամություն ունեցող անձինք:
Նիստի ավարտին ելույթով հանդես է եկել ՏԿԱՒ նախարար Արմեն Երիցյանը, ով բարձր է գնահատել մարզում 2014 թվականի կատարած աշխատանքները: Նախարարը նշել է, որ նոր ձևավորված նախարարության առջև բավական լուրջ խնդիրներ են դրված, որոնք համայնքների, մարզպետարանների, կ առավարության, ինչպես նաև համայնքների բնակիչների ջանքերով փուլ առ փուլ լուծում կստանան: Նախարարը վստահեցրել է, որ պարբերաբար լինելու է համայնքներում և անձամբ է ծանոթանալու համայնքային խնդիրներին. «Հանրապետության բոլոր համայնքներում խնդիրները գրեթե նույնն են: Կարծում եմ, որ այդ խնդիրներից կարելի է առանձնացնել հատկապես նոր աշխատատեղերի ստեղծումը՝ համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական դրությունը բարելավելու համար, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրի ապահովումը: Ես հորդորում եմ, որպեսզի թե քաղաքային, թե գյուղական համայնքների բնա կիչները ակտիվ լինեն, իրենք ևս ներգրավվեն և աջակցեն մեզ' ծառացած խնդիրները հաղթահարելու համար»:

 

Մարզխորհրդի նիստից հետո Արմեն Երիցյանը Լոռու մարզպետի ուղեկցությամբ եղել է Վանաձորի՝ 2016 թ. շահագործման հանձնվելիք բժշկական կենտրոնում: Վանաձորում ներկայում գործող բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը հյուրերին ծանոթացրել է կառուցվող ԲԿ-ի շինարարական աշխատանքներին և տեղեկացրել է, որ այն կհամապատասխանի միջազգային ստանդարտներին: Բժշկական կենտրոնի հիմնական մասնաշենքի կառուցումը կիրականացվի պետական միջոցներով: 2014 թ. այդ նպատակով պետբյուջեից շուրջ 600 մլն դրամ է հատկացվել: Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով կառուցվելիք հիվանդանոցի շինարարարական աշխատանքները՝ ՏԿԱՒ նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Կարծում եմ, որ այս բժշկական կենտրոնը կլինի հանրապետությունում լավագույններից մեկը»: