Այս ծանր օրերին աշխարհի եզդիները միավորվել են և պատրաստ են ամեն ինչով օգնել Իրաքի եզդիներին։ «Ավստրալիայի եզդիները հավաքագրել են ավելի քան 3 միլիոն դոլար և փոխանցել են «Եզդիների փրկության կոմիտե»-ին, որը ստեղծվել է Իրաքի Մոսուլ քաղաքից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող եզդիների հոգևոր կենտրոն Լալիշում։

 

Այն ղեկավարում է եզդիների հոգևոր առաջնորդի որդին՝ Հազիմ Բեգը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Միդիա-Շանգալ» եզդիական ազգային միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանը։

 

Շարոյանը հայտարարեց, որ ամեն գնով պետք է դադարեցնել ցեղասպանությունը։ Նրա խոսքով՝ արդեն կա մոտ 10 հազար զոհ՝ հիմնականում երեխաներ։ «Պետք է ստեղծել «Շանգալի եզդիների ինքնավար հանրապետություն»՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի օգնությամբ։ Վերջերս ամերիկյան 130 հրահանգիչ էր իջեցվել Շանգալի լեռներ՝ եզդիներին օգնելու նպատակով։ Աշխարհը պետք է ճանաչի այս ոճրագործությունը, և այդ նպատակով եզդիները պատրաստվում են դիմել Հաագայի քրեական դատարան»,- ասաց եզդի գործիչը։

 

1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն ընդունել է «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիան: Այն ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարի 12-ին: Այն ցեղասպանություն է համարում որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով իրականացվող խմբի անդամների սպանությունը, ինչպես նաեւ խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

 

Կոնվենցիան սահմանում է «ցեղասպանություն» տերմինը' որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն, ինչպես նաև տալիս է նրա իրավական սահմանումը: Կոնվենցիայի ընդունումը ծագումով հրեա լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի բազում տարիների աշխատանքի արդյունքն էր: Կոնվենցիան ընդունվել է 141 երկրների կողմից: Բոլոր այդ երկրները պարտավոր են միջոցներ ձեռնարկել կանխելու և պատժելու ցեղասպանությունները: