Եթե աշխարհը ժամանակին ճիշտ գնաահատական տար Հայոց ցեղասպանությանը, չէին լինի ոչ Հոլոքոստ, ոչ աշխարհի տարբեր ծայրերում տարբեր ազգությունների նկատմամբ դաժանություններ, այժմ էլ՝ Իրաքում եզդիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք։

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «ԼԵՎ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լևոն Բաղդասարյանը։ Ըստ փաստաբանի՝ Իրաքում եզդի ազգի նկատմամբ իրականացված անմարդկային և նվաստացնող վերաբերմունքը հակասում է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի Կոնվենցիայի 1-ին հոդվածի դրույթներին։

 

«Այդ հոդվածի դրույթը ենթադրում է ոչ միայն խոշտանգումների կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաև որոշակի գործողություններ կատարելու պետության պարտականությունը, որը չի կատարվել»,-ասաց Բաղդասարյանը։

 

Փաստաբանական գրասենյակի ղեկավարը նաև պատրաստակամություն հայտնեց իրավական հարթության վրա պաշտպանել այն բոլոր եզդիների իրավունքները, որոնց իրավունքները խախտվել են ՄԱԿ-ի Կոնվենցիայի 1-ին հոդվածի դրույթների համաձայն։ «Իրավունքների պաշտպանությունը ներառելու է մինչև խախտված իրավունքի իսպառ վերացում, ընդհուպ՝ բարոյական և նյութական վնասի հատուցմամբ»,- հայտարարեց փաստաբանը։