Թեհրանում ավարտվեց թաեքվոնդոյի բանակայինների աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին նաև Հայաստանի 8 պատվիրակները: Մարզաձևի մեր առաջատարը՝ 80 կգ քաշային Արման Երեմյանը, ու նրա երկու թիմակիցները դարձան բրոնզե մեդալակիրներ:
Ինչպես տեղեկացնում է «footsport.am»-ը, Արմանը, մասնավորապես, անցկացրեց երեք մրցամարտ: Առաջին երկուսում նրան հաջողվեց պարտության մատնել Քուվեյթի ու Բրազիլիայի թաեքվոնդոյիստներին, սակայն իրանցի մարզիկի հետ մենամարտում ավելի հաջող գտնվեց տանտերը, ուստի Լոնդոնի օլիմպիական խաղերի մարևզաձևի մեր միակ մասնակիցը բավարարվեց 3-րդ տեղով: Նույն արդյունքին հասան նաև 74 կգ քաշային Վահագն Աղեկյանն ու +87 կգ քաշային Արսեն Գրիգորյանը: Նրանք տարան մեկական հաղթանակ ու կրեցին մեկական պարտություն:
Հարկ է նշել, որ Արման Երեմյանն ու Վահագն Աղեկյանը մարզվում են Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Հավելենք նաև, որ մեկ շաբաթից մեկնարկում է նոր Գրան պրի մրցաշար, որը օլիմպիական վարկանիշներ է տալիս, սակայն ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Արման Երեմյանը, դեռ պարզ չի նա կմասնակցի այդ կարևոր ստուգատեսին, թե ոչ: