Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական կապերի, կրթության, մշակութային, մարդասիրական ոլորտներում համագործակցությանը: Այս մասին օգոստոսի 21-ին Երեւանում հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբ րահամյանը: «Հատուկ ընդգծվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի կարևորությունը, որը երկու երկրների առևտրատնեսական հարաբերությունների պահպանման և առավել խորացման լավագույն միջոցն է: Քննարկումներ եղան ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

 

Նա տեղեկացրեց, որ քննարկումներ են եղել սահմանային անցակետերի արդիականացման շուրջ: «Մասնավորապես, պայմանավորվածություն ենք ձեռք բերել Բագրատաշեն-Սադախլո նոր կամուրջի շինարարության վերաբերյալ: Քննարկեցինք նաև անցած գիշեր Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքների վերացման հետ կապված հարցեր: Ես իմ գործընկերոջն առաջարկեցի Հայաստանի համապատասխան ծառայությունների աջակցությունը»,- ասաց ՀՀ վարչապետը:

 

Երկուստեք կարևորվել են նաև պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և վերականգման խնդիրները: «Ավարտելով խոսքս կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան երկու երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում»,- եզրափակեց Աբրահամյանը:

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության և ջերմ ընդունելության համար և նշեց, որ ուրախ է Հայաստանում լինելու հնարավեր ստանալու համար: «Ինձ համար ուրախալի է լինել Հայաստանում, որի հետ մեզ կապում է բազմադարյա բարեկամությունը: Մենք բանակցությունների արդյունքում համաձայնության եկանք, որ պետք է ավելի խորացնենք Հայաստանի և Վրաստանի միջև առկա սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում մենք 42 տոկոսով ավելացրել ենք առևտրաշրջանառությունը, ինչը խոս ում է այն մասին, որ մեր երկրների միջև տնտեսական կապերը զարգանում են, և մենք շարունակելու ենք խորացնել այդ հարաբերությունները»,- ասաց Ղարիբաշվիլին:

 

Նա ընդգծեց, որ քննարկումներ են եղել նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ: «Պետք է նշեմ, որ մենք ունենք դինամիկ աճ նաև զբոսաշրջության ոլորտում և համաձայնության ենք եկել, որ կխորացնենք հարաբերությունները նաև այս հարցում: Մենք նաև պայմանավորվել ենք Բագրատաշեն անցակետում նոր կամուրջի կառուցման վերաբերյալ: Եվ ես իմացա, որ մեր հայ գործընկերների կողմից առաջարկ կա այն կոչել «Բարեկամության կամուրջ»: Ես սիրով տվեցի իմ համաձանությունը: Մենք քննարկել ենք նաև մշակութային և մարդասիրական կապերի ամրապնդման հետ կապված հարցեր: Պարոն վարչապետն անդրադարձավ նաև երեկ գիշեր Վրաստանում տեղի ունեցած սողանքին, և մենք խոստանում ենք, որ երկու-երեք օրվա ընթացքում բացերը կլրացվեն և դեպի Հայաստան գազամատակարարումը կվերականգնվի»,- եզրափակեց Ղարիբաշվիլին: