Թուրքիայի Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը օգոստոսի 28-ին արտակարգ նիստ է հրավիրել, որի ժամանակ տեղի կունենա նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Արարողությունը տեղի կունենա Թուրքիայի ժամանակով 14:00-ին: Չիչեքի և մեջլիսի ամենատարեց պատգամավորի թույլտվությամբ Էրդողանը ամբիոնից կասի երկրի սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված երդման խոսքը: Մեջլիսում երդմնակալության արարողության ավարտից հետո Էրդողանը կգնա նախագահական Չանքայա պալատ, որտեղ էլ նախագահի պաշտոնակատար Աբդուլլահ Գյուլից կստանձնի իր նոր պաշտոնը:

 

Օգոստոսի 10-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավաքելով ձայների 51,79 տոկոսը, առաջին փուլով ընտրվեց երկրի 12-րդ նախագահի պաշտոնում: Օգոստոսի 21-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադիր կոմիտեի ժամանակ նոր վարչապետի թեկնածու առաջադրվեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ահմեդ Դավութօղլուն: