Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը եւ ներկայիս իրադրությունը:

 

ԱԺ փոխնախագահն անընդունելի համարեց 21-րդ դարում ազգային եւ կրոնական անհանդուրժողականության պատճառով Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային բռնությունները: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ խնդիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության ուշադրության կենտրոնում է, եւ Հայաստանը իր հնարավորությունների շրջանակում պատրաստ է աջակցել ու սատարել բարեկամ եզդի ժողովրդին:

 

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը ներկայացրեց տիրող իրադրությունը եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին աջակցության համար: Նա նշեց, որ խնդիրը միջազգային կառույցներում բարձրաձայնելու հարցում եզդիական համայնքը ակնկալում է Հայաստանի Հանրապետության աջակցությունը:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց միջազգային տարբեր կառույցներում եզդի ժողովրդի ողբերգական իրադարձությունների մասին բարձրաձայնումը՝ պատրաստակամություն հայտնելով խնդիրը բարձրացնել նաեւ խորհրդարանական հարթակներում:

 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում եւս պարբերաբար հանդիպել ու քննարկել խնդիրները: