ՀՀ սփյուռքի նախարարության, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությամբ կազմակերպված «Իրանի Փերիա գավառի հայության օրեր Հայաստանում» միջոցառումների մասնակիցները, Հայաստանում, Իրանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող փերիահայերն օգոստոսի 23-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, փերիահայերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և միասին աղոթել:

 

Այնուհետև նրանք այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ցուցադրությանը ծանոթանալուց հետո միջոցառման մասնակիցները հանդիպել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:

 

Վերջինս նախ ողջունել է Հայաստան այցելած փերիահայերին և խոսել թանգարանի նոր ցուցադրությունների մասին, որոնք 2,5 անգամ ավելի շատ նյութ են պարունակելու և առավել մանրամասն, խորքային են ներկայացնելու Հայոց ցեղասպանությունն ու վերջինիս առնչվող դեպքերը:

 

Հայկ Դեմոյանը համառոտ խոսել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կատարած աշխատանքների, ձեռնարկների և այն միջոցառումների մասին, որոնք կազմակերպվելու են ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի տարբեր համայնքներում: Նա հավելել է, որ նոյեմբերին Թեհրանում կբացվի Ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը, որը ներկայացվելու է նաև աշխարհի տարբեր երկրներում:

 

Հանդիպման վերջում Հայկ Դեմոյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես թանգարանի նոր ցուցադրությանը, այնպես էլ Հայոց ցեղասպանությանը նվիրված պարսկերեն լեզվով հրատարակություններին:

 

Ցեղասպանության հուշահամալիրից միջոցառման մասնակիցները շարժվել են դեպի Եռաբլուր, որտեղ նրանց է դիմավորել Եռաբլուր զինվորական պանթեոնի արարողակարգերի բաժնի պետ, կապիտան Ալբերտ Առաքելյանը: Վերջինս մանրամասն պատմել է Եռաբլուրում ամփոփված Արցախյան հերոսամարտի և մեր օրերում արիաբար նահատակված հերոսների մասին:

 

Այնուհետև միջոցառման մասնակիցները ծաղիկներ են դրել նորօրյա հերոսների շիրիմներին և այցելել Սուրբ Վարդանանց Նահատակաց եկեղեցի:

 

Օգոստոսի 24-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կտրվի Սբ. պատարագ, կկատարվի Փերիո գավառի ննջեցյալների Հոգեհանգստի արարողություն: Այնուհետև երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սայաթ-Նովա» աշուղական համույթի համերգը՝ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Կկատարվեն փերիահայ աշուղների ստեղծագործությունները:

 

Ներկաներին կողջունեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: