Վրաստանը զարգանում է ճիշտ ուղղությամբ. կարծում է երկրի բնակիչների 40 տոկոսը, վկայում են ԱՄՆ-ի Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի հարցման տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Վրաստանի հասարակական տրամադրությունը» սոցիոլոգիական հետազոտությունը Վրաստանի մասշտաբներով կատարվել է ընթացիկ տարվա հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 7-ը, հարցմանը մասնակցել է 3 338 մարդ:

 

Այս տարվա ապրիլին կատարված հարցման համեմատությամբ ճիշտ ուղուն հավատացողների թիվն ավելացել է չորս տոկոսով:

 

Սակայն, դա 13 տոկոսով քիչ է անցյալ տարվա նոյեմբերին անցկացված համանման հարցման համեմատությամբ:

 

Հարցվողների համար ավանդաբար ազգային նշանակության գլխավոր հարցեր են մնում աշխատատեղերը, աղքատությունը և տարածքային ամբողջականությունը: Աշխատատեղերը որպես կարևոր ազգային հարց է համարել հարցման մասնակիցների 63 տոկոսը, աղքատությունը՝ 32 տոկոսը, իսկ տարածքային ամբողջականությունը՝ 30 տոկոսը:

 

Ապրիլին կատարված հարցման համեմատությամբ անփոփոխ է մնացել կառավարության հնչեցրած այն նպատակը պաշտպանողների քանակը, որ Վրաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ՝ 78 տոկոս և անդամակցի ՆԱՏՕ-ին՝ 72 տոկոս, հաղորդել է «Նովոստի - Գրուզիան»: