«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ Իրաքում կռվող թուրքմենները ձերբակալել են իսլամիստ երեք զինյալների, ովքեր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներ են:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, այս մասին Twitter-ում գրառել է թուրք լրտեսների ձերբակալությանը մասնակցած Նիհաթ Յալնըզը: Վերջինս նշել է թուրք հետախույզների անունները' Մահմուդ Յըլդըրըմ, Իբրահիմ Չելիք, Քազիմ Շիմշեք: Նիհաթ Յալնիզը Twitter-ում տեղադրել է նաեւ Քազիմ Շիմշեքի լուսանկարը:

 

Յալնըզը հայտնել է, որ թուրք լրտեսներին ձերբակալել են Ամերիլի ճակատում ընթացող մարտերի ժամանակ: Իրաքցի թուրքմենը Twitter-ում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին հղած ուղերձում նշել է. «ԻԼԻՊ-ի կազմում թուրքմեններին կոտորող Մահմուդ Յըլդըրըմ անունով հետախուզության լրտեսը գլխացավանք կլինի ձեզ համար: Մենք նրա կարմիր անձնագիրը կուղարկենք Հաագայի տրիբունալ»:

 

Յալնըզի պնդմամբ' Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության լրտեսը խոստովանել է, որ Իրաքի բանակի վերաբերյալ Թուրքիայի «Գյոքթուրք 2» արբանյակից ստացած տեղեկությունները հայտնել են ԻԼԻՊ-ին: Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիան մեկ բարելը 30 դոլարով նավթ է գնել ԻԼԻՊ-ից եւ դրա փոխարեն նրանց տվել զենք, դեղորայք եւ սնունդ: Իրաքցի թուրքմենը նաեւ հայտնել է, որ ԱՀԿ-ի լրտեսների մոտ հայտնաբերել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի բջջային հեռախոսահամարը:

 

Յըլդըրըմի ձերբակալությունից մեկ օր հետո Յալնըզը Twitter-ում գրել է. «Ամերիլում ԻԼԻՊ-ի կազմում վիրավոր վիճակում ձերբակալեցինք ԱՀԿ-ի երկրորդ լրտեսին' Իբրահիմ Չելիքին: Սա եւս ԻԼԻՊ-ի կազմում մեր ձերբակալած ԱՀԿ-ի լրտես Քազիմ Շիշեքի պես տիրապետում է արաբերենին, քրդերեին եւ անգլերենին: Նրանց Իրաք են ուղարկվել ԱՀԿ-ի լրտեսներին հանձնարարություններ տալու համար»:

 

Այս իրադարձությունը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Թուրքիան աջակցում է ԻԼԻՊ-ի իսլամիստ ահաբեկիչներին: Ստացվում է, որ իր հետախույզների միջոցով աջակցություն ցուցաբերելով ԻԼԻՊ-ի զինյալներին, Թուրքիան օգնում է կոտորել իր արյունակից թուրքմեններին: