ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Մինսկի խումբը ջանում է, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի, եւ որ հուլիսի 31-ին սկսված լարվածությունը լրջորեն անհանգստացրել է միջնորդներին:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուրոլիքը հայտարարել է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

 

Ուորլիքը նշել է, որ անցյալ ամսվա վերջին շփման գծում տեղի ունեցած եւ տասնյակ մարդկանց զոհվելու պատճառ դարձած իրադարձությունները կողմերին հետ են շպրտում խաղաղության հասնելու ճանապարհից: Նա ասել է, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի, եւ պետք է բանակցությունների սեղանի շուրջ աշխատել ու կրկնապատկել ջանքերը լուծում գտնելու համար:

 

«Հրադադարի ռեժիմի պահպանումը նախապայման է դրա համար, եւ մենք հուսով ենք, որ լարվածության վերջին շաբաթների նվազումը կշարունակվի», -ասել է նա:

 

Ամերիկացի համանախագահը չի բացառել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների' եկող շաբաթ, Ուելսում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում եւ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում եւս հանդիպելու հնարավորությունը, որը, նրա խոսքով' կախված է լինելու հանդիպման եւ քննարկումների համար իրենց' նախագահների պատրաստակմությունից եւ ցանկությունից:

 

«Անձամբ ԱՄՆ պետքարտուղար Քերին պատրաստ է դերակատարություն ունենալ այդ հակամարտության կարգավորման գործում' եթե նրա մասնակցությունը կարողանա օգնել հասնելու դրան: Մենք կոչ ենք անում կողմերին լրջորեն ընկալել այդ հնարավորությունները: Գործը միայն արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում անցկացնելու մեջ չէ: Անհրաժեշտ է գործընթացը բարձրացնել այլ մակարդակ, որպեսզի այն բերի խաղաղ համաձայնության: Այնպես որ, եկեք սկսենք», -ասել է Ուորլիքը: