Առողջապահության ոլորտում քաղաքացիների սպասարկման ուղղությամբ տարված աշխատանքների մասով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ համաբուժարաններ է դիմել 33774 քաղաքացի, «Շտապբուժօգնություն» ծառայություն ստացվել է 4550 կանչ, որի արդյունքում հոսպիտալացվել է 946 քաղաքացի: Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնունդների թիվը կազմել է 526 երեխա, այդ թվում՝ 292 տղա, 234՝ աղջիկ:
Զեկուցվել է նաև, որ օգոստոսի 31-ին եզրափակվել է «Երևանյան ամառ 2014» եռամսյա ծրագիրը, որը հագեցած է եղել մարզամշակութային և ժամանցային միջոցառումներով, անցկացվել է նաև առողջապահական ակցիա: Միջոցառումներին մասնակցել են ինչպես հազարավոր երևանցիներ, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով պատասխանատուներին ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման համար, հանձնարարել է հաջորդ տարվա ծրագրին նախապատրաստվելու նպատակով ներկայացնել համապատասխան առաջարկություններ: