Մամիկոն Խոջոյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հայցն ավարտական փուլում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

 

«Դուք գիտեք, որ այն բավականին մեծ փաթեթ է, պահանջում է մեծ հմտություններ' թե իրավաբանական, թե լեզվական: Ես հուսով եմ, որ այս օրերին մենք կավարտենք աշխատանքը ու կդիմենք դատարան»,- ասաց նա:

 

Լարիսա Ալավերդյանի խոսքով' դատարան դիմելուց հետո պետք է ստանան ընդունելության մասին պատասխան, և հետագայում կտեսնեն, թե ինչպիսի զարգացում կունենա գործը:

 

Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը 2014 թվականի հունվարի 28-ին հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը ու հայտնվել ադրբեջանական կողմում: Մամիկոն Խոջոյանն ուներ որոշակի հոգեկան խնդիրներ ու ապրում էր միայնակ: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության բնորոշմամբ' նա իբր եղել է «զինված դիվերսանտ»:

 

Ադրբեջանի Պատանդների, անհայտ կորածների և գերիների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը նշել էր, որ Հայաստանի քաղաքացուն գետն անցնելիս Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչները նկատել ու հանձնել են ադրբեջանցի զինծառայողներին: Տարածված վարկածին, թե իբր Մամիկոն Խոջոյանը դիվերսանտ է կամ նրանց ուղեկցող, չէին հավատում անգամ Բաքվում:

 

77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց էին արել ու հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցներում' խախտելով գերիների մասին Ժնևյան կոնվենցիան: Հարցազրույցի ժամանակ պարզ էր դարձել, որ Խոջոյանի ձեռքը կոտրված է: Գերությունից վերադառնալուց մի քանի ամիս անց Մամիկոն Խոջոյանը մահացավ' այդպես էլ չվերականգնվելով գերության ժամանակ կրած խոշտանգումներից: