Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայաստան հրավիրելը թուրքագետ Արտակ Շաքարյանը բնութագրում է ոչ միայն դիվանագիտական ճիշտ մոտեցում, այլեւ հետաքրքրական քայլ, որը յուրահատկություն մտցրեց իրավիճակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թուրքագետը վստահ է, որ Հայաստանն այս անգամ էլ պահպանեց 2008թ . ստեղծած այն կերպարը, որ Հայաստանը նախաձեռնող է եւ բարեկամական ձեռք է մեկնում անընդհատ հարաբերությունների հաստատմանը խոչընդոտող եւ հակահայ դիրքորոշում ունեցող Թուրքիային եւ ամեն անգամ գնդակն իր դաշտից տեղափոխում է Թուրքիա:
«Պատկերացրեք ի՞նչ կլիներ, որ առանց հրավերի գային: Եթե գալու է, թող մեր հրավերով գա, եթե չի գալու, թող լինի այնպես, որ հրաժարվեցին, բայց մենք եղանք նախաձեռնող: Մենք ցույց տվեցինք, որ մենք էլ ասելիք ունենք: Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ նախաձեռնող ենք: Շատերս ենք մեղադրում ԱԳՆ-ին' մշտապես արձագանքող քաղաքականության համար, այսօր ԱԳՆ-ն ցույց տվեց, որ նախաձեռնող է»,- ասաց Շաքարյանը' հավելելով, որ ամենայն հավանականությամբ նախընտրական իրավիճակի պատճառով Էրդողանը Հայաստան չի այցելի' հասկանալով, որ կկորցնի ազգայնականների ձայները, սակայն չի բացառում, որ 2015թ. ապրիլի 24-ին Երեւան կուղարկի ներկայիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուին: Շաքարյանը չի բացառում, որ Դավութօղլուն Երեւանում կխոսի արդար հիշողության մասին եւ կներկայացնի այն թեզը, որ տասնյակ տարիների կրկնում են Թուրքիայի բոլոր պաշտոնյաները: Այս հարցում Հայաստանի առաքելությունը պետք է լինի հնարավոր եւ անհնար բոլոր միջոցները կիրառել, որպեսզի Թուրքիայից եկող մեսիջները լռեցվեն եւ միջազգային մամուլը միայն ասի, որ Թուրքիայի պետական պաշտոնյաները բարձրացան Ծիծեռնակաբերդ ու ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
«Եթե Էրդողանը կամ Դավութօղլուն գան Երեւան չեն գալու, որ ծաղիկ դնեն: Նրանք գալու են հատուկ նպատակով, որպեսզի հավաքեն միջազգային լրատվամիջոցներին և նրանց ուղղեն նույն մեսիջը, որ կար այս տարի Ցեղասպանության նախօրյակին հնչած հայտարարության մեջ: Այս պարագայում, պետք է ամեն ինչ անել, որ այդպես չլինի, միջազգային հանրությունը խոսի միայն նրա մասին, որ թուրք առաջնորդները եկան, գլուխ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասաց Արտակ Շաքարյանը:
Օգոստոսի 28-ին Անկարայում կայացել է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի' Թուրքիայի նախագահին ուղղված նամակ-հրավերը' մասնակցելու 2015 թ. ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը: