Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Հայաստանի համար առանձնանում է նրանով, որ մեր երկիրը նախագահի մակարդակով դրան մասնակցում է առաջին անգամ: Պատճառն այն էր, որ նախորդ գագաթնաժողովների ժամանակ ԼՂ հակամարտության կագավորմանն առնչվող այնպիսի ձևակերպումներ էին հնչում, որոնք չէին կարող ընդունելի լինել Հայաստանի համար:
Մասնավորապես, խոսքը վերաբերում էր նրան, որ ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովների ժամանակ ընդունած փաստաթղթերում աջակցություն էր հայտնում ԼՂ հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից մեկին' տարածքային ամբողջականությանը: Ըստ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի, ՀՀ ղեկավարությունն ընդունեց ճիշտ որոշում' հասկանալով, որ լուռ կամ ոչ ուղղակի անհամաձայնությունն այդ ձևակերպումներին կարող է չլինել նույնքան արդյունավետ, որքան մասնակցելով և հստակ արտահայտելով սեփական դիրքորոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս հարցում շատ կարևոր է ոչ միայն նախագահի մասնակցությունը, այլև ելույթը:
«Նախագահն ասաց, որ հարևան երկրում ունենք բռնապես ղեկավար: Սա լուրջ հայտարարություն է, քանի որ այլ բան է, երբ խոսում է վերլուծաբանը կամ իրավապաշտպան կազմակերպությունը, այլ բան, երբ այդ մասին ուղիղ խոսքով արտահայտվում է երկրի նախագահը նման կարևոր գագաթնաժողովին»,- ասաց Կարեն Բեքարյանը: Քաղաքագետի գնահատմամբ, հատկապես սահմանային վերջին սրացումներից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունների պատասխանատվությունը մեծացել է: Նրանք ամեն ջանք փորձում են գործադրել, որպեսզի Ադրբեջանը զուսպ կեցվածքը ընդունի, ինչի շնորհիվ հնարավոր լինի կառուցողական երկխոսությունը շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ: Քաղաքագետի գնահատմամբ, եթե գագաթնաժողովի ընթացքում ընդունվի փաստաթուղթ, որը պարունակի նույն դոգմատիկ բնույթը, ապա չի բացառվում, որ Ադրբեջանի պահվածքը լինի ավելի կոշտ, ցինիկ և սադրիչ: