Սեպտեմբերի 7-ի երեկոյան, ժամը 19-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 77-րդ կիլոմետրում «Մերսեդես-600» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Սեւանա լիճ: Տուժածներին օգնության են հասել ՀՀ ԱԻՆ Սեւանի հրշեջ -փրկարարները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Սեւանի հրշեջ-փրկարարական ծառայության պետ Էվելինա Խաչատրյանը, տեղ հասած փրկարարները ձորակը գլորված ավտոմեքենան գտել են լճի ափին, դեռեւս ջրի մեջ չընկղմված վիճակում: Նրանք Սեւանի հիվանդանոց են տեղափոխել մարմնական վնասվածքներ ստացած Երեւան քաղաքի բնակիչներ, 1983 թվականին ծնված Աշոտ Մեդոյանին եւ 1980 թվականին ծնված Գուրգեն Աբգարյանին:

 

Սեւանի հիվանդանոցի տնօրեն Վարուժան Մանուկյանի տեղեկացմամբ' տուժածներին տեղում ցույց է տրվել համապատասխան բուժօգնություն: Նրանք անցած գիշերվա ընթացքում դուրս են գրվել հիվանդանոցից առողջ վիճակում:

 

Խոսրով Խլղաթյան