Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 17-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունի՜քի մարզի Ծովագյուղ գյուղի Ախթամարի արձանի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Սեւանա լիճը. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երեւան-Դիլիջան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սայաթ Մ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել Սեւանա լիճը (70 սմ խորություն). ավտոմեքենան ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Սեւանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Ջրափրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրից: