Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին հրապարակված փաստաթղթում Մոլդովայի եւ Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորման վերաբերյալ ներառվել են ձեւակերպումներ, որոնք ընդհանրացված եւ ընտրովի մոտեցումներ են արտահայտում եւ չեն համապատասխանում եռանախագահների արտահայտած գաղափարներին ու մոտեցումներին: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատմամբ, այդ ձեւակերպումները չեն համապատասխանում նաեւ այն որոշումներին, հայտարարություններին, որոնք արվել էին վերջին տարիներին ԵԱՀԿ շրջանակներում:
«ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում ԼՂ հակամարտության կարգավորման խնդրով եւ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումներին եւ ջանքերին: Մինսկի խմբի համանախագահողները բազմիցս հայտարարել են կարգավորման սկզբունքների մասին նաեւ նախագահների մակարդակով, հինգ հայտնի հայտարարությունների միջոցով ներկայացրել դրանք: Այդ սկզբունքներն ու հայտարարությունները համահունչ են Հայաստանի մոտեցումերին: Պետք է նշեմ, որ երկու համանախագահները անդամ են դաշինքին' ՆԱՏՕ-ին:
Չնայած դրան, ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովների ժամանակ որոշ փոփոխություներով եւ հատկապես Ուելսում Մոլդովայի եւ Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորման վերաբերյալ ներառվել են ձեւակերպումներ, որոնք ընտրովի մոտեցումներ են արտահայտում եւ չեն համապատասխանում եռանախագահների արտահայտած գաղափարներին եւ մոտեցումներին»- սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Էդվարդ Նալբանդյանը' հավելելով, որ այդ ընդհանրացված եւ ընտրովի մոտեցումները մեծ վտանգ են պարունակում:
«Դա վնաս է հասցնում բանակցային գործընթացին եւ վնաս է հասցնում տարածաշրջանում կայունությանը եւ անվտանգությանը: Նաեւ նպաստում, որ Ադրբեջանն ավելի շատ է կտրվում իրականությունից եւ իր ռազմատենչ քաղաքականությամբ հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային հանրության մոտեցմանը»,-ասաց Նալբանդյանը' հավելելով, որ միջազգային իրավունքի սկզբունքներին նմանօրինակ ընտրովի մոտեցումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Հելսինկիի եզրափակիչ ակտին:
Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցն էլ չմեկնաբանեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հրապարակված փաստաթուղթը, քանի որ իր երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չէ: Խոսելով ԼՂ հակամարտության մասին' Կուրցն ասաց, որ կողմերը պետք է գտնեն խաղաղ լուծում: «Վիեննան պատրաստ է օժանադակել նրանց, ովքեր կցանկանան իրականացնել քաղաքական երկխոսությունը: Նախորդ տարի Վիեննայում նախագահների հանդիպումը օգտակար է եղել եւ հույս ունեմ, որ հետագայում ռազմական բախումներ չեն լինի»,- ասաց Կուրցը:
Ուեսլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին ընդունված փաստաթղթում նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրները սատարում են Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին' հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի Խարտիայի և միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա: Նրանք նաեւ նշել են, որ սատարում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: