Ուկրաինայում հրադադարը հիմնականում պահպանվում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին հայտնել Է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նախագահ, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ Թոմաս Գրեմինգերը:
«Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում Է, թեեւ այն դեռեւս փխրուն բնույթ Է կրում»,-ասել Է նա՝ Վիեննայում ելույթ ունենալով կազմակերպության անդամների արտահերթ հանդիպմանը: Գրեմինգերի խոսքով՝ «հաջորդ մի քանի օրերը վճռորոշ կլինեն»:
ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչը նաեւ նշել Է, որ ներկայում Ուկրաինայում են գտնվում այդ կազմակերպության 250 դիտորդներ:
Ավելի վաղ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար ու նախագահ Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է, որ կազմակերպությունը վերջին երկու օրվա ընթացքում Ուկրաինա է ուղարկել հրադադարի մոնիթորինգի փորձ ունեցող 59 մասնագետների եւ այժմ վարձում է նոր դիտորդների: Նրա հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԵԱՀԿ եռակողմ շփման խմբի եւ աշխարհազորի ներկայացուցիչների Մինսկի արձանագրության ստորագրման արդյունքում ստեղծվել է հրադադարի ռեժիմի խախտման եւ այլ միջադեպերի դեպքում գործողությունների սկզբնական մեխանիզմ:
«Մեխանիզմը կողմերի հետ համագործակցությամբ կճշտվի առաջիկա ժամերի եւ օրերի ընթացքում»,- նշվում է Բուրկհալտերի հայտարարության մեջ: Նաեւ քննարկվում է անօդաչու թռչող ապարատների օգտագործումը՝ որպես ԵԱՀԿ-ի մասնակից պետությունների ներդրումը Ուկրաինայում Հատուկ դիտորդական առաքելության գործունեության մեջ:
Սեպտեմբերի 5-ին Մինսկում ստորագրվել է արձանագրություն, որը ԵԱՀԿ-ի մոնիթորինգ է նախատեսում ինչպես Կիեւի ուժերի եւ աշխարհազորայինների միջեւ հրադադարի ռեժիմի, այնպես էլ ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով անվտանգության գոտու նկատմամբ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: