Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակի ավարտված նիստում ամփոփվել է կառավարության ներկայացված 12 կետանոց պահանջների կատարումը: Այս մասին քառյակի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Վերջնական ժամկետը, որը մենք հայտարարել էինք որպես այդ կետերի կատարման վերջնաժամկետ' սեպտեմբերի 30-ը, դեռ չի սպառվել, ուստի, վերջնական ամփոփումը կլինի ավելի ուշ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին կամփոփի այդ արդյունքները, որից հետո կորոշվի համատեղ դիրքորոշումը' ընդհանուր գնահատման առումով»,- նշեց Արմեն Ռուստամյանը:
Տասներկու կետերի ամփոփման նախնական քննարկման արդյունքներով, պատգամավորի խոսքով, գնահատականները բաժանվում են երեք խմբի' ընդհանրապես չկատարված կետեր, մասնակի կատարված կետեր և անորոշ մնացած կետեր, որոնց վերաբերյալ դեռևս դժվար է գնահատական տալ:
Ըստ Ռուստամյանի' կազմակերպված նախնական քննարկումն էլ մեծապես կօգնի, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան ամփոփել վերջնական արդյունքները: