Ազգային ժողովի ոչ իշխանական «քառյակը» մայիսի 6-ին կամփոփի առաջարկները կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ և կներկայացնի կառավարությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Յուրաքանչյուր խմբակցությունն իր առաջարկներն ունի օրենքի հետ կապված, մենք նախատեսում ենք ամփոփել դրանք: Բնականաբար, առաջնայինն այն է, որ պարտադիր բաղադրիչը չպետք է գործի և քանի առաջարկներ էլ լինեն, մենք կամփոփենք և կներկայացնենք կառավարությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբյանը:
Եթե կառավարության համար ընդունելի չլինեն «քառյակի» առաջարկները, ապա ոչ իշխանական ուժերը կնախաձեռնեն իրենց հետագա քայլերը, այդ թվում նաև 44 ստորագրությամբ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի «քառյակի» հեղինակած նախագիծը քննարկելու համար:
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց նաև, որ իրենց առաջարկները կառավարությանը հավանաբար հենց մայիսի 6-ին էլ կներկայացնեն, երբ վերջնական քննարկումների արդյունքում դրանք ամփոփված կլինեն:
Ազգային ժողովն ավարտել է կառավարության ներկայացրած նախագծի քննարկումը, որով առաջարկվում է կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունները, որի արդյունքում կասեցվում է պարտադիր վճարները չկատարելու դեպքում տույժերի հաշվարկը: Հարցը քվեարկության կդրվի ԱԺ-< /em>ի' մայիսի 12-ին ծրագրված արտահերթ նիստում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելի վաղ հայտարարել է, որ այս նախագծով «դե ֆակտո» կասեցվում է պարտադիր բաղադրիչը: