ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կուսակցության ներկայացրած առաջարկները: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Դուք գիտեք, որ արդեն հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մենք դրա հետ կապված ներկայացրել ենք մեր առաջարկների փաթեթը: Մինչ հ անրապետության Նախագահը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը կհայտներ, մեր առաջարկները նրա հետ քննարկելու անհրաժեշտություն կար: Այդ քննարկումներն են տեղի ունեցել»,- նշեց Մինասյանը:
Պատգամավորը հայտնեց, որ այս պահի դրությամբ գրեթե բոլոր կետերով կա փոխադարձ ընկալում: «Ավելին, մեր առաջարկությունները գրեթե ամբողջությամբ իրացման ենթակա են: Ճանապարհային քարտեզը և ժամկետները բոլոր փուլերով դեռևս քննարկման փուլում են: Լիակատար համաձայնություն կա այն առումով, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժաշտություն կա: Հայաստանում քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման համակարգերում, անկախ դատական համակարգում, իշխանությունների թևերի հավասարակշռման և փոխադարձ զսպումների ոլորտում, ընդդիմություն-իշխանություն միասնական քաղաքական համակարգ ունենալու հարցում մեծամասամբ տեսակետները համընկնում են»,- մանրամասնեց Մինասյանը: