Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը կհայտնի ներկայացված առաջարկների քննարկումից հետո: Այս մասին Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ ելույթ ունենալով խմբակցության անունից: «Նախագծի վերաբերյալ մեր կուսակցությունը ներկայացնելու է մեր բոլոր առաջարկները, որոնց քննարկումից հետո մենք հստակ կհայտնենք մեր վերջնական դիրքորոշումը»,- ընդգծեց Մարգարյանը:
Նա նշեց, որ մինչև Ազգային ժողովում նախագծի քննարկումը իրենք բազմաթիվ առաջարկներ էին ներկայացրել, որոնք, սակայն, չեն ընդունվել: Այունամենայնիվ, պատգամավորն ընդգծեց, որ իրենք ևս մեկ անգամ առաջարկներ կներկայացնեն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Մինչ Հովհաննես Մարգարյանի ելույթը, «Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ էր ունեցել Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարել է, որ «Ժառանգություն»-ը դեմ է քվեարկելու սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելուն: