«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշումը չի փոխի, եթե կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու նախագծի հետ խորհրդարանի քննարկմանը չներկայացվի նաև երկրորդ նախագիծը, որով կպահպանվի կիսանախագահական համակարգը:

 

Այս մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Դուք գիտեք, որ մենք հանդիպել ենք հանրապետութփյան Նախագահի հետ, քննարկել ենք սահմանադրական բարեփոխումների հարցը, որից հետո եղավ մեր պաշտոնական հայտարարությունը, որ մենք այս հարցում մեր դիրքորոշումը չենք փոխել: Մեզ առաջին հերթին մտահոգում է այն, թե խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում ո՞վ է լինելու Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության պատասխանատուն և երաշխավորը: Սա ես համարում եմ ամենաանկյունաքարային հարցերից մեկն ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելքումյանը:

 

Նա չբացառեց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանի քննարկմանը կներկայացվի երկու նախագիծ, որոնցից մեկը կլինի կառավարման խորհրդարանական մոդելին անցում կատարելու, մյուսը՝ կիսանախագահական համակարգը պահելու վերաբերյալ: «Եթե չլինի երկրորդ նախագիծը և Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվի միայն խորհրդարանական մոդելին անցնելու տարբերակը, այդ դեպքում մենք չենք փոխի մեր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ և կքննարկենք հետագա գործընթացներին մեր մասնակցել-չմասնակցելու հարցը»,- ընդգծեց Մելքումյանը:

 

Մելքումյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ն պահպանել է իր ծրագրային դրույթները, իսկ նախկին դիրքորոշումները փոփոխության չեն ենթարկվել: Նա նկատեց, որ թեև վերջին ներքաղաքական զարգացումներից հետո իրավիճակը փոխվել է, սակայն ԲՀԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը և առաջ շարժվելու համար լավ հնարավորություններ ունի: