Մանրակրկիտ աշխատանքի արդյունքում մշակվել են Սահմանադրական բարեփոխումների նախագծի առաջին երեք գլուխները և պաշտոնապես ներկայացվել են Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված փորձագետների խմբի քննարկմանը: Լիագումար նիստում Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել առաջադրված բաժիններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը' ընդգծելով, որ սահմանադրական բարեփոխումների գերագույն խնդիրը մարդակենտրոն սահմանադրության ձևավորումն է, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորումը: «Այդ խնդիրների լուծումը գերազանցապես պայմանավորաված է նոր նախագծի բաժինների կարգավորմամբ: Չափազանց կարևոր խնդիր էր առաջադրված հստակեցնել դատական պաշտպանության ընթացակարգերն ու կառուցակարգերը և որոշակիացնել սահմանափակումների վերաբերյալ եղած բոլոր հիմնախնդիրները»,- ասաց Հարությունյանը:

 

Վենետիկի հանձնաժողովը որոշակի նկատառումներ է ունեցել մասնավորապես առանձին հոդվածներով նախատեսվող սահմանափակումների ծավալի, բացարձակ իրավունքների մասով որոշ ամրագրումների և ռազմական ու արտակարգ դրության ժամանակ հնարավոր սահմանափակվող իրավունքների շրջանակի վերաբերյալ:

 

Դեռևս աշխատանքներ են տարվում նախագծի մյուս բաժինների պատրաստման ուղղությամբ, որոնց տարբերակները պետք է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացվեն մինչև մայիսի 26-ը: