Երևանում, սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով փորձագետների համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Իր ելույթում նա նշեց, որ միջմարդկային շփումների խրախուսումը, հասարակությունների միջև շարժունակության բարձրացումն ու միգրացիայի արդյունավետ կառավարումը կարևոր տեղ են զբաղեցնում ՀՀ-ԵՄ օրակար գում, և այդ ոլորտներում վերջին տարիներին էական առաջընթաց է արձանագրվել:
Նախարարի տեղակալը կարևորեց վիզաների դյուրացման համաձայնագրի դրույթների պատշաճ իրականացումը և հանրության իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրներին, քննարկվել են համատեղ կոմիտեի կանոնակարգը, վիզաների տրամադրման հետ կապված մի շարք հարցեր ու առաջարկություններ:
Վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստին զուգահեռ կայացավ նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի իրականացման հարցերով փորձագետների համատեղ կոմիտեի նիստը:
Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի հարցերով համատեղ կոմիտեների ստեղծումը նախատեսված է համաձայնագրերի դրույթների դիտանցումն իրականացնելու, համաձայնագրերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և համաձայնագրերի կիրարկմա ն հետ կապված այլ հարցերի քննարկման նպատակով:
Հայկական կողմից վերը նշված նիստերը վարում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսկան վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը և ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: