Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը բացատրեց, թե բանկերի, վարկային կազմակերպությունների և պարտապանների իրավահարաբերությունները կարգավորող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ինչ կարող են անել այն քաղաքացիները, ովքեր արդեն տուժել են ԴԱՀԿ և բանկերի ոչ պատշաճ գործողությունների արդյունքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը մանրամասնեց, որ այն պահից ի վեր, երբ օրենքը կմտնի ուժի մեջ, եթե կլինեն վարույթներ, գումարների ամբողջական արգելափակումներ և այլն, բնականաբար, օրենքն այդ քաղաքացիների վրա կտարածվի, և նրանք կարող են սահմանված կարգով օգտվել իրենց իրավունքներից: «Բնականաբար, ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ արդեն գործերն ավարտված են ու որևէ մեկի վարույթում չեն գտնվում, ո՛չ ԴԱՀԿ, ո՛չ էլ որևէ բանկի մոտ չկա ագելափակում, ապա դրանց վրա հետադարձ ուժ չի կիրառվի»,-ասաց Հովհաննիսյանը:
Հարցին, թե ԴԱՀԿ կայացրած սխալ որոշման արդյունքում տվյալ կառույցին պատասխանատվության ենթարկելու դրույթ կա՞ օրենքում, Արփինե Հովհաննիսյան պատասխանեց, որ այստեղ մեծ նշանակություն ունի մեղքի խնդիրը։ «Եթե որպես պետական մարմին դրա համար պատասխանատու է ԴԱՀԿ-ն, ապա քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր նորմերի համաձայն՝ որպես պետական մարմնի կողմից պատճառված վնաս, պատասխանատվություն կկրի այդ մարմինը: Իսկ եթե պատասխանատվությունը տեղափոխվում է արդեն բանկի կողմից իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման դաշտ, ապա բնականաբար, այս նոր օրենքի համաձայն արդեն պատասխանատվության կենթարկվի բանկը»:
Նա նաև նշեց, որ տուժած քաղաքացիները կարող են դիմել դատարան և դատական կարգով վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները: Այստեղ խոսքը վարույթում գտնվող գործերի մասին է, երբ քաղաքացու հաշիվներն արգելանքի տակ են գտնվում: Այս դեպքում քաղաքացին կարող է դիմել դատարան և վերականգնել իր իրավունքները՝ ստանալով նաև կրած վնասի փոխհատուցում։
Հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է հաշվվելու քաղաքացու կրած վնասը, պատգամավորը մանրամասնեց, որ վնասը փոխհատուցվում է ավելի պահված գումարի 0.1 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր օրվա համար: Այսինքն, եթե քաղաքացու տուգանքը կազմում է 20.000 դրամ, սակայն օրեր շարունակ արգելանքի տակ է դրվել նրա ամբողջ հաշիվը, որը կազմում է, օրինակ, 100.000 դրամ, ապա քաղաքացուն կփոխհատուցվի 80.000 դրամի 0.1 տոկոսը՝ բազմապատկած արգելափակված օրերի քանակով:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվում է, որ բանկերը կամ վարկային այլ կազմակերպությունները իրավունք կունենան պարտապանի հաշիվների վրա արգելանք դնել միայն նրա պարտքի չափով: