Հայաստանի Հանրապետության անձնագրերում առաջարկվում է հնարավորություն տալ նշել կոնկրետ ծննդավայրը: Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումն առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք:
Հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաև պետությունը:
Այս դիրքորոշման ձևավորման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հաշվի առնելով միջազգային չափանիշները, ցանկացած այնպիսի դեպքում, երբ «ծննդյան վայրը» դաշտում կոնկրետ պետություն նշելը խնդրահարույց է կամ որևէ այլ հիմնավոր կամ ակնհայտ պատճառով նպատակահարմար չէ, պետությունները քաղաքացիների անձնագրում նշում են միայն անձի ծննդյան քաղաքը, ավանը, գյուղը կամ շրջանը' հիմք ընդունելով այդ փաստը հավաստող փաստաթուղթը (ծննդյան վկայական, օտարերկրյա անձնագիր, այլ փաստաթուղթ):
Արդյունքում, առաջարկվել է ՀՀ օրենսդրության մեջ ևս կատարել համապատասխան փոփոխություններ' քաղաքացուն հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է (կից ներկայացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան գրությունը), ինչն էլ հիմք է հանդիսացել սույն հոդվածով նախատեսվող օրենսդրական փոփոխության համար»,- ասված է հիմնավորման մեջ: